17/09/2024
ԶՐՈՒՅՑՆԵՐ ԽՈԶԱԲՈՒՅԾՆԵՐԻ ՀԵՏ
Մաս 2
ԿԱԹԻՑ ԿՏՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Ամենակարևորը, որ կաթից կտրված խոճկորները պետք է շարունակեն կերակրվել։ Ջուրը, կերը, խնամքը կարևոր ատրիբուտներ են։ Քաղցած խոճկորներին ի հայտ բերելը կարևոր առաջնահերթություն է։ Բոլորովին դժվար չէ հայտնաբերել նաև միկրոկլիմայի հետ կապված խնդիրները` վերլուծելով խոճկորների վարքագիծը, մասնավորապես հանգստի պահին։
Թվենք մի քանի կարևոր ասպեկտներ, որոնց վրա պետք է առանձնակի ուշադրություն դարձնել․
- միաժամանակյա կերակրում
- ջուրն առանձնացված է կերից
- միջանցիկ քամիների բացառում
- նվազագույն ազդանշանների հայտնաբերում
- հազի կամ լուծի բացակայություն
- նույն ծնի խոճկորների համատեղ խնամք
- լավ լցված փորիկներ
- թարմ, համեղ կեր
- հարմարավետ ջերմաստիճան
- բաց գույնի կերաման
Մեծ թվով առողջ խոճկորների հաջող ծինի համար մի քանի նախադրյալներ են անհրաժեշտ։ Նախ՝ խոզի ճիշտ և ժամանակին բեղմնավորումը։
Երկրորդ՝ լիարժեք հանգիստ հղիության ընթացքում և բալանսավորված կերակրում, ինչպես նաև ծննդաբերության տարածքի պատրաստում ֆերմայի պայմաններին և ֆերմերի կարիքներին համապատասխան:
Արժե ժամանակ ծախսել այս հարցերը ճիշտ կազմակերպելու համար:
Վերջին տասնամյակների ընթացքում, 3 տարին մեկ, խոճկորների թիվը 1 ծինի հաշվարկով ավելացել է մոտավորապես 1 գլխով, ինչը հանգեցրել է ծնված խոճկորների միջև մրցակցության աճին: Արդյունքում ծնված խոճկորների միջին քաշը աստիճանաբար նվազել է, իսկ կենսունակության ցուցանիշները՝ վատացել։
Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը:
Դրա շտկումը սկսվում է արտադրողականության վրա ազդող գործոնների ըմբռնմամբ, այդ թվում՝
• գենետիկա;
• խոզի արգանդի ֆիզիոլոգիական զարգացում;
• սաղմի իմպլանտացիայի տարիքի և ժամկետների տարբերություն;
• սպառված կերի քանակ
• հղիության ընթացքում սննդակարգի կազմ (սննդարար նյութեր);
• ծինի տևողություն
• միջավայրը, որում ծնվում են խոճկորները (խնամքի պայմաններ և միկրոկլիմա);
• խիժի (молозиво) առկայություն
Իմիջիայլոց
Բտման շրջանում անճարպ մսի ձևավորման արագությունը այն հիմնական հատկանիշն է, որին ուշադրություն է դարձվում վարազների բուծման ժամանակ: Այնուամենայնիվ, անճարպ մսի ձևավորման բարձր մակարդակը հաճախ ուղեկցվում է կենսունակության նվազմամբ: Անճարպ մսի բարձր մակարդակ ունեցող խոճկորները ավելի շատ ուշադրություն և խնամք են պահանջում ձագերի բոքսում: Այսօր բուծողները ավելի ու ավելի են նախապատվությունը տալիս խոճկորների կենսունակությանը, և հենց տարբեր ցեղատեսակների խաչասերման արդյունքում ստացված հիբրիդային կենդանիներն են բնութագրվում կենսունակության բարձր մակարդակով։
Ի դեպ
ամենաբարձր կենսունակությամբ, սակայն անճարպ մսի ամենացածր պարունակությամբ աչքի են ընկնում Բերկշիրյան և Մեյշան ցեղատեսակները
Լանդրասին բնորորշ է միջինից մի փոքր ցածր կենսունակություն և անճարպ մսի պարունակություն
Յորքշիր ցեղատեսակը համեմատաբար ցածր կենսունակություն ունի, սակայն՝ անճարպ մսի պարունակության միջին ցուցանիշ
Հեմփշիր և Դյուրոկ ցեղատեսակներն ունեն բավականին բարձր կենսունակություն և անճարպ մսի պարունակության միջին մակարդակ
Գերմանական Պյետրենը պարունակում է անճարպ մսի բարձր մակարդակ, սակայն՝ կենսունակության միջին ցուցանիշ
Անճարպ մսի պարունակության ամենաբարձր մակարդակն ունի Բելգիական Պյետրենը, բայց այս ցեղատեսակն ունի ռեկորդային ցածր կենսունակություն
ՀԱՄՍԵՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԻՑ
Խոճկորների կենդանի քաշի ցուցանիշի ցրվածությունը ծննդյան ժամանակ որոշվում է ծնվելուց երեք-չորս ամիս առաջ՝ օվուլյացիայի, բեղմնավորման և սաղմի իմպլանտացիայի ժամանակ: Խոզամայրը պետք է վերականգնվի նախորդ լակտացիայից հետո և լավ վիճակում լինի։ Միայն այս դեպքում նրա օրգանիզմը բավականաչափ էներգիա կկուտակի ձվաբջիջների պատշաճ զարգացման համար։ Եթե բոլոր պայմանները բավարարվեն, մի քանի ձվաբջիջների օվուլյացիան տեղի է ունենում միաժամանակ, ինչը նշանակում է, որ իմպլանտացիայի պահին սաղմերը նույն տարիքի կլինեն: Բեղմնավորումից առաջ մեկ շաբաթվա ընթացքում սննդակարգում շաքար ավելացնելը կարող է օգնել այս գործընթացին (դեքստրոզը ամենահեշտն է ներծծվում արյան մեջ): Սա խթանում է ինսուլինի արտադրությունը, որն իր հերթին դրական է ազդում ձվաբջիջների հասունացման և օվուլյացիայի վրա։
Խոճկորի համի զգացողությունը սկսում է զարգանալ դեռևս արգանդում։ Խոզի կողմից սպառված կերից բուրավետ նյութերը ազդում են ամնիոտիկ հեղուկի վրա, որը խոճկորը ժամանակ առ ժամանակ կուլ է տալիս: Եթե դուք ավելացնեք այս նյութերը, օրինակ, նախաստարտային կերի մեջ, ապա խոճկորները դրանք ավելի շատ կուտեն:
Ձկան յուղի գաղտնիքը
Հղիության ընթացքում մայր խոզի կերին ձկան յուղ ավելացնելը կարող է մեծացնել կաթից կտրված խոճկորների թիվը՝ հղիության ժամկետի երկարացման շնորհիվ: Արդյունքում, ծնվելու պահին խոճկորները ունենում են ավելի լավ զարգացած ուղեղ, նրանց կենդանի քաշն ավելի մեծ է, և նրանք ավելի շատ գլիկոգեն են կուտակում։ Արդյունքն ավելի կենսունակ խոճկորներն են՝ ավելի մեծ էներգիայի պաշարներով և գոյատևման ավելի մեծ հնարավորություններով:
Նույնիսկ արգանդը ստերիլ օրգան չէ։ Շրջակա միջավայրի վարակները կարող են ներթափանցել խոճկորի մեջ մոր արյան միջոցով։ Խոճկորները կարող են վարակել միմյանց ամնիոտիկ հեղուկի միջոցով: Ծննդաբերության ժամանակ արգանդի վզիկը բացվում է, և խոճկորները անմիջական շփման մեջ են մտնում ծնուղիների պաթոգենների հետ: Թույլ մի տվեք, որ նրանք ծնվեն կեղտոտ հատակի վրա, ժամանակին մաքրեք կղանքը:
Յուրաքանչյուր խոզամայր եզակի է։ Արգանդի ֆիզիոլոգիական ներուժը և ընկերքի արդյունավետությունը, որոնցից կախված են խոճկորների քանակն ու կենսունակությունը, գենետիկորեն նախորոշված են։ Եթե ցանկանում եք ունենալ շատ և առողջ խոճկորներ, հիշեք այս մասին ցեղատեսակն ընտրելիս։
Ծնող խոզամայրի իդեալական հաստոցի ընտրություն
Ծնի հաստոցները շատ տարբեր կոնստրուկցիաների և չափերի են։ Սակայն ո՞րն է լավագույնը։ Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ ընտրություն կատարել․
• Ծննդաբերության սենյակի չափը ընտրում են հաշվի առնելով ծնվող խոճկորների քանակը:
• Մոր պտուկների հասանելիություն (ներքևի կարգավորվող-շարժական բար):
• Մայր խոզի տակ չսահող հատակ։
• Խոզի գլուխը դեպի պատն է կամ անցուղին:
• Մարմինն ուղի՞ղ է, թե թեքված անկյան տակ:
• Հատակի ջեռուցման առկայություն.
• Խոճկորների համար բավականաչափ տարածություն մոր շուրջը տեղաշարժվելու համար:
• Թարմ օդ և բարենպաստ կլիմա խոզի համար:
• Բնադրման հարմարավետ տարածք մոր երկու կողմերում
• Լրացուցիչ միջանցք զննման համար
• Խոճկորների համար խաղալու տեղ
Նկարում խոզամայրը հազիվ է տեղավորվում ծինի այս հաստոցի մեջ: Մի՛ գնեք նոր սարքավորումներ, որոնք նույն չափի են, ինչ նախկինում օգտագործել եք: Ժամանակակից խոզերն ավելի մեծ են: Ծինի փոքր հաստոցը վատթարացնում է խոզամայրի վիճակը և հանգեցնում է ճզմված խոճկորների քանակի ավելացմանը, քանի որ նման պայմաններում խոզամայրի համար ավելի դժվար է պառկել և վեր կենալ։